Առեղծվածային և երբեմն անհասկանալի Ֆրանսուա Օլանդը նախագահությունն ավարտում է փակուղում. նրան այդպես էլ չհաջողվեց «դառնալ նախագահ» հասարակական կարծիքի համար:
Երկու տարի առաջ էր: Ֆրանսուա Օլանդը նստած էր սեղանի առաջ: Նրա մերձավոր զինակիցներից մեկը հենց նոր հրաժեշտ էր տվել: Նա առաջիններից էր, որ երկու տարվա աշխատանքից հետո հեռացավ Ելիսեյան պալատից: Խորհրդականը զայրացած կամ վիրավորված չէր: Նա շատ հոգնած էր: Հեռանալուց առաջ երդվել էր, որ այդ տարօրինակ նախագահին դեմ առ դեմ կասի՝ ինչ մտածում է. «Պարոն նախագահ, Դուք պետք է արագ սովորեք հստակ «ոչ» ասել»:
Օլանդը միայն ժպտաց, նա անգիր գիտեր այդ մեղադրանքը: Նա իրոք երբեք չէր ասում՝ ինչ իրականում մտածում էր: Երկար ժամանակ դա համարվում էր նրա ուժեղ կողմը: Բաց պարզվեց՝ սարսափելի թուլություն է: Այս տարօրինակ հնգամյակն ավարտվեց պատմական «ոչ»-ով: Անձնապես նրա և երկրի քաղաքական պատմության համար: Ստանձնելով իշխանությունը՝ Ֆրանսուա Օլանդը խոստացել էր ձախ բարեփոխիչների սիմվոլ դառնալ, որ ի զորու են ոչ միայն կառավարել երկիրը, այլև պահել իշխանությունը: Նվազագույնը երկու մանդատ: Այդ առումով ձախողումը կրկնակի է՝ նրա անձնականը և ձախերինը: Նա ստիպված էր ընդունել քաղաքական պայքարում հաղթելու անհնարինությունը և ուներ միայն երկու վատ որոշում՝ իր ճամբարի պարտության ռիսկի դիմել կամ հրաժարվել ընտրություններին մասնակցելուց՝ ռիսկի դիմելով կորցնել պաշտպանության բոլոր միջոցները: Նա ընտրեց չարյաց փոքրագույնը: Նրա նախագահության ժամանակը պատմության մեջ կմնա իբրև անոմալիա: Ասես անհավանական ինքնասպան պոռթկումով Ֆրանսուա Օլանդը իրականում երբեք չցանկացավ փրկել՝ ինչ դեռ հնարավոր էր: Վերջին տարին գագաթնակետն էր:
Երկքաղաքացիություն ունեցող ահաբեկիչներին անձնագրից զրկումը (ձախերին դա դուր չեկավ), աշխատանքային բարեփոխումը (տրոհեց մեծամասնությունը), բացահայտումներով գիրքը (նույնիսկ ամենամերձավորներին հույսի տեղ չթողեց): Կարծես Ֆրանսուա Օլանդը չէր էլ ցանկանում նոր մանդատի համար պայքարել: Կամ, որ ավելի վատ է, միտումնավոր պայմաններ էր ստեղծում, որ չմասնակցի ընտրություններին: Նախագահության արդյունքներից բացի, Օլանդի ամենամեծ անհաջողությունը դարձավ նախագահի կերպարը: Նա միշտ իրեն պատկերացնում էր «նորմալ նախագահ», բայց ամեն ինչ ավարտվեց աննորմալ մասշտաբների չընկալումով: Ֆրանսիացիները հստակ չեն պատկերացնում՝ ինչից են դժգոհ, բայց նրանք համոզված են (գուցե անարդար, բայց ռեալ զգացում), որ այդ մարդն այդպես էլ չկարողացավ «նախագահ դառնալ»:
Նա ազնվորեն աշխատում էր, բայց ի վիճակի չէր իմաստ հաղորդել, հանգստացնել, իրեն հեղինակավոր գործիչ ներկայացնել՝ զայրույթի, կասկածների ու վախերի այս տարիներին: Հավանաբար պատճառը վիթխարի թյուրիմացությունն էր՝ «Փոփոխությունները՝ հիմա»: Նա կարծում էր, որ Սարկոզիին հաղթելը իրեն ժամանակ կտա, բայց ժամանակ նա չուներ: Առավել ևս, որ կարծում էր՝ ձախերի հավատը տնտեսական քաղաքականությամբ շահելու անհրաժեշտություն չունի, թեպետ այդ քաղաքականությունը նրա նախընտրական խոստումների հակառակն էր: Նա կարծում էր, որ ձախերն իր հետևից կգան, բայց նրանք լքեցին: Եվ նա նույնիսկ չփորձեց վերադարձնել: Իրեն վերապահելով միակ իրավունքը՝ «ոչ» ասելու:
Գրեգուար ԲԻԶՈ, Libération, Ֆրանսիա
Հ.Գ. Լավ, ասենք, Ֆրանսուա Օլանդը չի առաջադրում իր թեկնածությունը, բայց պե՞տք է արդեն նրա քաղաքական դամբանականը գրել: Կամ՝ սոցիալիստների: Համենայն դեպս, ոչ միայն նա չի առաջադրի իր թեկնածությունը ընտրություններում, այլև նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որ պարտվեց հանրապետականների պրայմերիզների առաջին փուլում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ